«Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է». ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը

«Ժողովուրդը» գրում է, որ հրդեհից փրկված զինվորը գնացել է դեպի պատուհանը, տեսել է՝ տղաները դրսից ջարդում են այն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել որոշ դրվագներ, որոնք հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից փրկվածներից մեկը պատմել է իրավապահներին:
Փրկված զինվորներից մեկը, որի անունը նախաքննությանն այս փուլում չվնասելու համար չի հրապարակվում, իրավապահներին հայտնել է, որ լսել է ձայներ և այսպիսի հայտարարություններ. «Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է»:
«Այդ գոռգոռոցներից արթնացել է, բացել սենյակի դուռը ու տեսել՝ ողջ միջանցքը ծխի մեջ է, տեսել է երկու հոգու, չի հիշում՝ ովքեր էին։ Նա, դեմքը սրբիչով փակելով, գնացել է դեպի պատուհանը, տեսել է՝ տղաները դրսից ջարդում են պատուհանը, որի արդյունքում կարողացել են իրեն մի կերպ պատուհանի ճաղավանդակների արանքից հանել դուրս»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։