Ինչո՞ւ Երևանը չմասնակցեց Դավոսին. քաղաքական և տնտեսական տեսակետներ

Տնտեսական օրակարգից բացի, Դավոսի համաժողովը կարող էր տարածաշրջանի երեք առաջնորդների հանդիպման հարթակ դառնալ և նպաստել Հարավային Կովկասում լարվածության թոթափմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի Sputnik. Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին չմեկնելու` ՀՀ վարչապետի որոշումը գրավեց դիտորդների ուշադրությունը Ադրբեջանի հետ հիպոթետիկ զրույցի և աշխարհին հանրապետության տնտեսական կարողությունները ցուցադրելու համատեքստում։

Լուծել խնդիրը այդ խնդրի աղբյուր հանդիսացողի հետ հանդիպման ճանապարհով

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի նախագահը մեկնել էր Դավոս, Հայաստանի առաջնորդը, ըստ էության, բաց թողեց ԼՂ–ի շուրջ լարվածությունը թոթափելու հնարավորությունը` հրաժարվելով դեմ առ դեմ հանդիպել այդ լարվածության աղբյուրի հետ։
Արդյունքում Շվեյցարիայում համաժողովի շրջանակում հայ–ադրբեջանական հարաբերությունների և տարածաշրջանի խաղաղության թեմաները Իլհամ Ալիևը քննարկեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Մեկնաբանելով Երևանի չմասնակցելը Դավոսի համաժողովին` քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է, որ ՀՀ իշխանություններն արցախյան հարցում հետևում են վաշինգտոնյան ծրագրին, այդ իսկ պատճառով Ադրբեջանի հետ բանակցություններն այլ հարթակներում նրանց հետաքրքիր չեն։
Մաթևոսյանի կարծիքով` Փաշինյանն իր թիմի հետ դադարել են ղեկավարվել երկրի շահերով, և լարվածությունը թուլացնելու նպատակով Ադրբեջանի հետ զրուցելու հնարավորությունը նրանց չի գրավում։ Նույն կերպ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի վերջին կարող էր մեկնել Մոսկվա` մասնակցելու ՌԴ–ի և Ադրբեջանի գործընկերների հետ եռակողմ հանդիպմանը։ Սակայն Լաչինի միջանցքի շրջափակումը մեջբերելով` Միրզոյանը հրաժարվեց հանդիպումից, իսկ դա նշանակում է նաև որևէ փոխզիջումներ մշակելու հնարավորությունից, ինչը կարող էր նպաստել երկրում իրավիճակի բարելավմանը։
Դավոսյան հանդիպման հակառակ երեսը. տեղի՞ն է արդյոք հայ հասարակության խուճապը
«Փաշինյանը հարցին լուծում տալու հնարավորությունը չի տեսնում ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Դավոսում։ Հարցի լուծումը այլ տեղ են իրենք տեսնում։ Եվ երբ որ ԱԺ-ի ամբիոնից հայտարարվում է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա, իսկ Պրահայի հայտարարության և պայմանավորվածությունների հիմքում հայտնի վաշինգտոնյան փաստաթուղթն է, սա նշանակում է, որ ձգտում կա այցելել և պայմանավորվածություններ ձեռք բերել Վաշինգտոնում։ Սա պարզ իրողություն է։ Ինչ վերաբերում է նրան, որ սա հնարավորություն է լարվածությունը թոթափելու, տրամաբանական տեսանկյունից դուք ճիշտ եք, բայց քանի որ իշխանությունների և Հայաստանի շահերն ու նպատակները հակասության մեջ են գտնվում, դրա համար պետք է ընդունենք այն իրավիճակը, որը ունենք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Մաթևոսյանը։
Հոկտեմբերին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավարի միջև կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն էր ընդունվել։ Մասնավորապես, այդ հայտարարության մեջ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել էին իրենց հավատարմությունը ՄԱԿ–ի կանոնակարգին և 1991 թվականին Ալմա Աթայում ստորագրած հռչակագրին, որոնց համաձայն երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Մաթևոսյանը կարծում է, որ ամերիկյան ծրագիրը ենթադրում է, որ ԼՂ–ն պետք է գտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղի պետականությունը լիովին կազմաքանդվում է, փոխարենը ձևավորվում է այսպես կոչված ԼՂ ժողովուրդների ներկայացուցիչների պատվիրակություն, որը տեղական ինքնակառավարման մարմնի կարգավիճակում պետք է երկխոսություն վարի Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների հետ։
Փորձագետի կարծիքով` ամերիկյան հովանավորչությունից հայկական կողմի «կախվածությունն» այնքան ակնհայտ է, որ մնում է այդ մասին բաց տեքստով խոսել։ Այս ծրագրի հիպոթետիկ իրականացումն անխուսափելիորեն արդիական է դարձնում ՀՀ իշխանությունների անձնական անվտանգության երաշխիքների հարցը։ Մաթևոսյանը նշում է, որ այդ երաշխիքները նրանք կարող են ստանալ միայն ամերիկացիներից։ Այս ֆոնին նույնիսկ Արևմուտքի ուղեծրում գտնվող երկրի վարչապետը Երևանի կողմից որպես ցանկալի միջնորդ չի ընկալվում։
«ՀՀ իշխանությունների տեսանկյունից` ավելի տրամաբանական է անմիջապես պայմանավորվել Վրաստանի «կուրատորների» հետ։ Չնայած, օրինակ, ռուս-ուկրաինական ճգնաժամի պարագայում տեսնում ենք, թե ինչ ադեկվատ քաղաքականություն է վարում Վրաստանը», – ասաց նա։
Դառնալով Վաշինգտոնի ծրագրին, փորձագետը նշում է, որ նրանց վերջնանպատակը ՌԴ խաղաղապահներին դուրս բերելն է, հետագայում առաջ կգա նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության հարցը։ Մաթևոսյանը համոզված է, որ Երևանն արդեն իսկ գլոբալ հակառուսական ուղղություն է որդեգրել։ Եվ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի հռետորական այն հարցը, թե արդյոք Հայաստանի համար ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք չէ, լավագույնս ցուցադրում է իշխող ուժի իրական մտադրությունները։

Իսկ տնտեսությո՞ւնը

Տնտեսագետ Արմեն Քթոյանը կարևոր է համարում տարբեր ուղղություններով Երևանի ակտիվությունն ու մասնակցությունը միջազգային ձևաչափերում։ Սակայն միշտ չէ, որ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականանալի են գործնականում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Քթոյանը պարզաբանեց, որ դրա համար մի շարք պատճառներ կան, որոնք կախված են ինչպես իշխանություններից, այնպես էլ արտաքին գործոններից։
Փորձագետի խոսքով` տնտեսական առումով միջազգային համաժողովներից ստացած օգուտը հաճախ անուղղակի է, արդյունքն էլ հնարավոր է միայն երկարաժամկետ հեռանկարում։ Չի լինում այնպես, որ այս կամ այն պաշտոնյան որևէ համաժողովի մասնակցի, իսկ մեկ ամիս անց կոնկրետ նախագիծ իրականացնելու համար իր երկիր ժամանի խոշոր գործարար։
«Սակայն սա բոլորովին չի նշանակում, որ համաժողովներին պետք չէ մասնակցել. Հակառակը` որքան ակտիվությունը բարձր, այնքան լավ»,–ասում է Քթոյանը։
Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դավոսում. ինչի՞ մասին են խոսել նրանք
Ինչ վերաբերում է ներդրումներ ներգրավելուն, փորձագետը նշել է, որ դա հեշտ խնդիր չէ. այն լուծելու համար անհրաժեշտ է բազմակողմանի, համակարգային մոտեցում բոլոր կառույցների ներգրավմամբ և հիմնական պայմանավորվածությունների կիրառմամբ։ Նա պարզաբանել է, որ խոշոր ներդրողին հնարավոր չէ մոլորեցնել գեղեցիկ փաթեթավորված առաջարկով։ Որոշում կայացնելուց առաջ գործարարներն իրենց ալիքներով պարզում են` արդյոք արժե այս կամ այն երկրում ներդրում կատարել։
Ներդրողների համար հիմնական ցուցանիշ են հանդիսանում ռիսկն ու շահութաբերությունը։ Մյուս չափանիշները նրանց համար երկրորդական են։ Գործարարի համար կարևոր են այդ ներդրումից ստացած օգուտները, հատկապես, եթե երկիրը բարձր ռիսկային գոտում է։ Նույն պատճառով ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել համաժողովի շրջանակում, կարող է այդպես էլ թղթի վրա մնալ։
«Այս կամ այն նախագծի իրականացմանը կարող է խանգարել, օրինակ, աշխարհաքաղաքական գործոնը, որը գործարարների համար մեծ ռիսկ է պարունակում», – նշում է Քթոյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետը Դավոսի համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացրել է նախագահը։