ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն՝ հունվարի 19-ին հրդեհի հետևանքով տարբեր աստիճանների այրվածքներ ստացած զինծառայողներին տեսակցելու։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ–ից։
Հայտնել ենք, որ Գեղարքունիքի մարզում` ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայող բուժում է ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ 2–ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը` հիվանդասենյակում։ Վերջինի վիճակը համեմատաբար լավ է։
ՀՀ պաշտպանության նախարարը Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Բուժանձնակազմը պաշտպանության նախարարին մանրամասներ է ներկայացրել զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
Զրուցելով զինծառայողների հետ` Պապիկյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։