ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 2 զինծառայողների վիճակը ծանր է, 1-ինը` բավարար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Նրա խոսքով՝ վաղ առավոտյան Այրվածքաբանության կենտրոն տեղափոխվածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը` այրվածքային։
«Երեք զինծառայողն էլ ունեն գիտակցություն, կարողանում են խոսել: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինծառայողների մոտ 25-30 տոկոս են այրվածքները, իսկ մյուսինը` 4-5։ Կան խոր այրվածքներ, մակերեսը բավականին մեծ է, առկա են վերին շնչուղիների այրվածքներ»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով` զինծառայողներին դուրս գրելու մասին դեռևս վաղ է խոսել, նրանք ծանր վիճակից կարող են դուրս գալ մոտավորապես 10-12 օր հետո։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։