Ժպտերես էր, բայց աչքերը թախծոտ էին. հրդեհի հետևանքով մահացած Համլետը կորցրել էր մորը

Հրդեհի վայրում
20–ամյա Համլետ Դավթյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից էր։ Sputnik Արմենիան զրուցել է նրա դասղեկ Նունե Ոսկանյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզում` զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված Համլետ Դավթյանը դպրոցական տարիքում կորցրել էր մորը։ Իր և երկու մեծ քույրերի դաստիարակությամբ զբաղվում էր հայրը։
«Երկու մեծ քույր ուներ, նրանք ամուսնացած էին, հայր ու որդի միասին էին ապրում։ Ճիշտ է` իրենց ազգը մեծ էր, բարեկամներով միշտ շրջապատված էին` նույն բակում ապրում էին հորեղբոր ընտանիքի հետ, բայց այն ջերմությունը, որ նա պետք է ստանար մորից, չկար»,– Sputnik Արմենիային պատմում է Համլետ Դավթյանի դասղեկ Նունե Ոսկանյանը։
Համլետը ամենաշատը սիրում էր մաթեմատիկա առարկան, բավական ընդունակ էր։
«Համլետը լույսի նման տղա էր, համեստ, խոհեմ, լուռ, ժպտերես, բայց այդ ժպիտի մեջ թախիծ կար»,– ասում է դասղեկը։
Դասարանում 24 տղա կար, գրեթե բոլորը այս պահին զինծառայության մեջ են։ Դասղեկը պատմում է, որ բոլորն արդեն հերթով վերադառնում են տուն։ Համլետն էլ պետք է վերադառնար 2 ամսից։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 7 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։