Հրդեհից մահացածներից մեկը` 19-ամյա Պավլիկ Աբազյանը, կիոկուշինկայ կարատեի եռակի չեմպիոն էր

Այսօր զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր, տան միակ որդին։ Sputnik Արմենիան զրուցել է նրա մարզիչ Ստյոպա Սահրադյանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. 19-ամյա Պավլիկ Աբազյանը, որն այսօր Գեղարքունիքի մարզում` զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածներից մեկն է, կիոկուշինկայ կարատեի Հայաստանի եռակի չեմպիոն էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում ասաց Աբազյանի մարզիչ Ստյոպա Սահրադյանը։
«Նա հաղթել է նաև մի շարք միջազգային մրցույթներում, նա ոչ միայն իմ լավագույն աշակերտներից էր, այլ նաև ամբողջ Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը։ Նա դեռ բազում հաջողությունների էր հասնելու»,– ցավով նշում է Ստյոպա Սահրադյանը։
Չնայած սպորտում գրանցած հաջողություններին, Պավլիկ Աբազյանը դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Բայց ասել էր մարզչին, որ չնայած այլ մասնագիտություն է ընտրել, բայց մինչև կյանքի վերջը զբաղվելու է կարատեով։
«Անկրկնելի մարդ էր, բոլորից տարբերվում էր, համեստ էր ու շատ ուժեղ»,– ասում է մարզիչը։
Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Նրան հիշում են որպես բարի ու համարձակ տղա։ Տան միակ որդին էր։ Տուն պետք է վերադառնար ամռանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։