ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ հունվարի 19-ի գիշերը տեղի ունեցած հրդեհի ժամանակ հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: Տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«Մենք խոր վշտով ընդունեցինք զինվորականների ողբերգական մահվան լուրը։ Զոհվածների ընտանիքների, հարազատների ու մտերիմների հետ կիսում ենք անդառնալի կորստի իրենց պատուհասած դառնությունը և զորակցության խոսքեր փոխանցում նրանց համար այս դժվարին պահին»,–նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Տասմագամբետովը տուժածներին և վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։