Հանցավոր անտարբերության հետևանք է. ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել

«Հայաստան» խմբակցություն
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր տեղի ունեցած ողբերգության հետ կապված հայտարարություններ են տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik.Նման ողբերգական դեպքը հերթական անգամ ապացուցեց իշխանության քաղաքական պատասխանատվության բացակայությունը և մշտապես հնչեցված ահազանգերի իրական լինելը։ Նման հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ անդրադառնալով Գեղարքունիքի զորամասերից մեկում արձանագրված ողբերգությանը։
Նշվում է, որ սա փաստում է բանակաշինության գործում խայտառակ անմխիթար վիճակը, մեր զինված ուժերի առանձին հատվածների տեղակայման, բնակավորման և զորքերի ծառայության կազմակերպման պայմանների, մարտական առաջնագծի բազմաթիվ հատվածների կահավորվածության ու ինժեներական ենթակառուցվածքների բացերը։
Իսկ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության մեջ ասվում է, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է:
«Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել»,–ասված է հայտարարության մեջ:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հետամուտ է լինելու ողբերգության իրական մեղավորներին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու հարցում։
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները և իրենց ցավակցություններն են հայտնում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, մտերիմներին և ծառայակից ընկերներին, իսկ վնասվածքներ ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։