Սերժ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը ցավակցել են հրդեհի զոհերի հարազատներին

Նախագահական նստավայրը
ՀՀ երրորդ և չորրորդ նախագահները ցավակցական ուղերձներ են հղել Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր ցավակցությունը և վշտակցությունն է հայտնել Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Իսկ վիրավոր զինծառայողներին Սերժ Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել։
«Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով»,– ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման «դատարկ ճոռոմաբանությունների» համատեքստում:
Նշենք, որ Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով զոհվածների հարազատներին իր ցավակցությունն է հայտնել նաև ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ցնցված եմ Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ահասարսուռ ողբերգությունից. բռնկված հրդեհը երիտասարդ կյանքեր է խլել, կան նաև ծանր վիրավորներ»,– մասնավորապես նշել է չորրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 7 վիրավոր։ Մահացածները ժամկետային զինծառայողներ են։
Դեպքի առնչությամբ բազմաթիվ պաշտոնանկություններ են եղել։