ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Բրյուսելում դատարանը կալանքի տակ է թողել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Եվա Քայլիին, որն անցնում է կոռուպցիայի աղմկահարույց գործով։ Տեղեկությունը հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը։
Այսպիսով` դատարանը մերժել է փաստաբանների` խափանման միջոցը փոխելու պահանջը։
Եթե փաստաբանները ևս մեկ անգամ բողոքարկեն այդ որոշումը, ապա խափանման միջոցը փոխելու հարցը կվճռի վերաքննիչ դատարանը 15 օրվա ընթացքում։
Բելգիայում շարունակվում է Եվրախորհրդարանի պատգամավորների և աշխատակիցների կողմից կոռուպցիայի կասկածների վերաբերյալ գործի հետաքննությունը․ նրանք կապ են ունեցել Կատարի շահերի ներկայացուցիչների հետ: Նրանց թվում է ԵԽ նախագահի նախկին տեղակալ, հույն պատգամավոր Եվա Քայլին, որը զրկվել է լիազորություններից։ Քննության տակ են նաև նրա օգնական և գործընկեր, իտալացի Ֆրանչեսկո Ջորջին և ՀԿ-ներից մեկի ներկայացուցիչ Նիկոլո Ֆիգա-Թալամանկան։
Լրագրողներն այդ գործն անվանել են «կատարգեյթ», քանի որ ենթադրվում է, որ դրանում ներգրավված անձինք փողի դիմաց Կատարի շահերն են առաջ մղել։ Սակայն մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ սկանդալի մասնակիցները գործել են նաև Մարոկկոյի շահերից ելնելով։