Բանակում «բարդակի» մեղավորը բոլորն են՝ և՛ նախարարը, և՛ վարչապետը. սպան` հրդեհի մասին

Հրդեհված շինությունը
Ինժեներասակրավորային ստորաբաժանման սպան չգիտի՝ ինչ պատասխանի զոհված զինվորների ծնողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այն դասակի հրամանատարը, որի զինծառայողներն այսօր հրդեհի զոհ են դարձել Ազատ գյուղում, չի շտապում ողբերգության պատճառների վերաբերյալ կոնկրետ վարկածներ առաջ քաշել։
«Այս ողբերգությունը տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման պատճառով։ Բենզին են օգտագործել, բայց մանրամասն տեղյակ չեմ` ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։ Մենք ունենք մեծ թվով զոհեր, և ես տեղին չեմ համարում կոնկրետ վարկածներ առաջ քաշել։ Ես ինքս ունեմ իմ սուբյեկտիվ տարբերակը, բայց չեմ բարձրաձայնի։ Դա այդ դեպքը չէ»,- ողբերգության վայրում լրագրողներին ասաց դասակի հրամանատարը։
Ինչ վերաբերում է իրավապահ կառույցների, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած վարկածին, ապա զինվորականը նշեց, որ այս փուլում ինքը ձեռնպահ կմնա գնահատական տալուց:
Սպան պատմեց, որ զոհված վեց զինվորների ծնողներն այսօրվա ընթացքում արդեն եկել են ողբերգության վայր։
«Ծնողներից մեկը եկել, որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել»,-ասաց նա:
Հարցին, թե այցելել է արդյոք պաշտպանության նախարարը, տղամարդը բացասական պատասխան տվեց։
Դասակի հրամանատարը նշեց, որ ինքը հրդեհի վայրում է եղել բռնկումից 10-15 րոպե անց։
Անդրադառնալով պատասխանատվություն կրելու վերաբերյալ հարցին` նա նշեց.
«Ես ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ արտահայտության համար, բայց եթե խոսում են բանակում «բարդակի» մասին, ապա այդ «բարդակի» մեղավորը բոլորն են՝ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, վարչապետը։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի ինձ հետ, ինչ կասեն ինձ դրանից հետո, քանի որ ամենադժվարը ծնողներիս աչքերին նայելն ու չիմանալն է, թե ինչ ասել նրանց», - ասաց հրամանատարը։
Նա անտրամաբանական համարեց բանակային կորպուսի հրամանատարի, շտաբի պետի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները։ Նրա կարծիքով՝ պետք է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, որից հետո միայն մարդկանց պատասխանատվության ենթարկել։
Սպան հավելեց, որ գյուղը գազիֆիկացված չէ, և տները ջեռուցվում են կա՛մ ցախով, կա՛մ ածուխով, և այն սենյակը, որտեղ գիշերել են զինվորականները, նույնպես բացառություն չէր։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Զինվորները փորձել են դուրս գալ կացարանից, բայց կրակը հենց մուտքի մոտ է եղել. մանրամասներ
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Փաշինյանը, կառավարության նիստում խոսելով հրդեհի մասին, հայտարարեց, որ փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5–լիտրանոց տարան բացել և լցնել վառարանի մեջ։