Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով մեկ ամսից ավելի իրենց ընտանիքներից հեռու` Հայաստանում մնացած 16 արցախցի երեխաներն արդեն Ստեփանակերտում են։ Հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը «Ֆեյսբուքի» իր էջում երեխաների դիմավորման տեսանյութ է հրապարակել և հայտնել այդ ուրախ լուրը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հայտնում է, որ Ստեփանակերտ են վերադարձել 19 երեխաներ։
«Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ»–, գրում է Ստեփանյանը։
Ստեփանյանը տեղեկացրել է նաև, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, այն շարունակել է ընթացքը։
Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավել են երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։
«Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիության, պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողություններն ամբողջությամբ բացահայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկությունները»–գրել է Արցախի ՄԻՊ–ը։
Նշենք, որ երեխաները Երևան էին եկել «Մանկական Եվրատեսիլ - 2022»–ին մասնակցելու համար և ադրբեջանցների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չէին կարողանում վերադառնալ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել էր։ Ժամեր անց այն վերականգնվեց։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։