«Ժեստերի լեզուն իմ ու ծնողներիս աշխարհները կապող բանալին դարձավ»...ահա այսպես է 25–ամյա Արեն Ալավերդյանը պատմում իր կյանքի առաքելությունը դարձած ժեստերի լեզվի ուսուցման մասին։
Տղան սկզբում եղել է մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանող, հետո հասկացել, որ դա իրենը չէ և ընդունվել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի սուրդոմանկավարժություն բաժինը։ Այժմ Արենը սովորում է նույն բաժնի ասպիրանտուրայում։
«Ժեստերի լեզվի հանդեպ սերը գալիս է ծնողներիցս` նրանք խուլ են։ Երևի հենց դա է պատճառը, որ ինձ համար ժեստերի լեզուն սիրո և հանդուրժողականության մասին է, այն իմ մայրենին է»,-ասում է Արենը։
Երիտասարդն արդեն 8 տարի է, ինչ կամավորական սկզբունքներով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բոլոր ցանկացողներին սովորեցնում է տիրապետել ժեստերի լեզվին։ Ասում է` միտքն իրենն էր, բայց համալսարանի ուսանողական խորհուրդն օգնել է կյանքի կոչել։
Սկզբում շատ քիչ է եղել սովորողների քանակը, քանի որ չեն իմացել այդ մասին։ Հետո ուսանողներն իրար մեջ տարածել են, ու խումբ հաճախողների թիվը գնալով մեծացել է։ Այդ գործում իրենց տեղն են ունեցել նաև սոցցանցերը։ Այժմ Արենն իր ինստագրամյան էջում կարճ ուսուցողական հոլովակներ է տեղադրում ու ժեստերի լեզուն մատչելի դարձնում բոլորին։ Ճիշտ է, իր ուսանողներից ոչ բոլորին է ժեստերի լեզուն հեշտ տրվում, ինչպես իրեն։
Արեն Ալավերդյանը կամավոր հիմունքներով սովորեցնում է ժեստերի լեզուն
© Photo : provided by Aren Alaverdyan
«Իմ ճանապարհը հարթել է հայրս։ Ես 4-5 տարեկան էի, տեսնում էի, թե ինչպես է նա ավագ քրոջս սովորեցնում ժեստերը, իմ ենթագիտակցության մեջ տպավորվում էին այդ շարժումները, ավելի հեշտ էի սերտում, քան քույրս։ Հետո արդեն դպրոցում տառերն էի սովորում, տանը` դրանց համապատասխան ժեստերը»,–պատմում է Արենը։
Սովորելուն և դասավանդելուն զուգահեռ Արենն արդեն 2 տարի է աշխատում է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Նրա այս ընտրությունն էլ իր խորը արմատներն ունի։ Այստեղ է սովորել նրա հայրը։ Երբ հայրն իմացել է այդ մասին շատ է հուզվել, ասում է` հազիվ էր իրեն կառավարում, որ չարտասվի։ Հետո ժպիտով հավելում է, որ իրեն ժեստերի լեզու սովորեցնելիս երևի թե այսպիսի սցենար չէր գծել։
«Սկզբում շատ բարդ էր։ Պետք է այնպես անես, որ երեխաները քեզ ընդունեն իրենց աշխարհ, չմտածեն, որ զուտ աշխատանքի ես գնում, այլ իրենց հետ ապրելու։ Պետք է այդ երեխաներին սեր ու ջերմություն տաս, նրանք դա զգալով են ապրում»,–պատմում է նա։
Արեն Ալավերդյանը
© Photo : provided by Aren Alaverdyan
Արենի համար շատ կարևոր է, որ հասարակությունն ընդունի ու հասկանա խուլերին։ Տղան ամեն անգամ նոր նախագծեր է մտածում խուլերին հասարակության մեջ ներառելու համար։
Ասում է` ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ դիմել է հեռուստաալիքներին, որպեսզի ֆուտբոլը ժեստերի լեզվով մեկնաբանվի։ Մերժել են` պարզաբանելով, որ միջազգային մակարդակում դա հնարավոր չէ կազմակերպել, բայց հիմա իր հետ կապի են դուրս եկել և պատրաստ են առաջարկը քննարկել ու այդ ուղղությամբ քայլեր անել։
«Ես ֆուտբոլ շատ եմ սիրում և ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք չեն լսում, իմանան ֆուտբոլային նորությունները։ Թող իմանան, որ կա նման նախագիծ ու հնարավոր է կյանքի կոչվի, որ հետաքրքրված լինեն այդ ամենով»,–ասում է նա։
Արեն Ալավերդյանը կամավոր հիմունքներով սովորեցնում է ժեստերի լեզուն
© Photo : provided by Aren Alaverdyan
Ապագայում Արենն իրեն տեսնում է ոլորտը զարգացնելու մեջ, դա իր առաքելությունն է համարում, բայց չի դիտարկում որպես ապրուստի միջոց։ Նոր մտքեր շատ ունի, որոնք հերթով նպատակներ են դառնալու։ Այդ ճանապարհին նրան ուժ տվողն ու ոգևորողը հայրիկի գնահատականն է, էմոցիաներն ու ապրումները։