ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Մահացել է ՀՀ ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է լրագրող Տիգրան Լիլոյանը։
«Գնաս բարով, Մեծ Մարդ: Կյանքից հեռացել է Վրեժ Մարկոսյանը»,– գրել է Լիլոյանը:
Մարկոսյանը 72 տարեկան էր։ Մեր տեղեկություններով` նա մահացել է ծանր ու երկարատև հիվանդության հետևանքով։
Վրեժ Մարկոսյանը պատգամավոր է ընտրվել 2012 թվականի մայիսին։
Նա 1972-1973 թվականներին ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում աշխատել է վերահսկիչ։ 1974-1976 թվականներին Մարկոսյանը եղել է ՀԽՍՀ ՆԳ մինիստրության Ապարանի ՆԳ բաժնի ավագ օպերտեսուչ։ 1976-1991 թվականներին ՀԿԿ կենտկոմի հրատարակչությունում աշխատել է ապրանքագետ, մատակարարման բաժնի պետ, տպարանի տնօրեն, հրատարակչության տնօրեն։ 1997-2012 թվականներին եղել է «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ գլխավոր տնօրենը։
2006 թվականին Վրեժ Մարկոսյանը պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով, 2007 թվականին՝ Թեքեյան մշակութային կենտրոնի «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով, 2010 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։
Ամուսնացած էր, ունի մեկ զավակ։