Տարոն Մարգարյանից և ևս 6 անձից փորձում են բռնագանձել ավելի քան 1.5 մլրդ դրամի գույք

Նշվում է, որ ընդհանուր գումարի որոշ մասը ևս չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, բայց հնարավոր չէ բռնագանձել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
2022 թվականի դեկտեմբերի 27‑ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության կողմից ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քսանչորսերորդ հայցադիմումը:
Բռնագանձման պահանջ է ներկայացվել, մասնավորապես, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող վեց բնակելի տան, մեկ հասարակական նշանակության տարածքի, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում գտնվող մեկ ամառանոցի, երկու տրանսպորտային միջոցի նկատմամբ:
Նշվում է, որ 853 մլն 402 հազար 782 դրամից 755 մլն 154 հազար 928 դրամը՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 98 մլն 247 հազար 854 դրամը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը ( եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):
Միհրան Պողոսյանի գործը հասավ դատարան. բռնագանձման ենթակա գումարը 1.3 մլն դոլար է
Հիշեցնենք` 2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, նրա կնոջը՝ Գոհար Սարգսյանին, դստերը` Սուսաննա Մարգարյանին, որդիներին` Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին ծանուցում էր ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: