Շիրակի մարզում ոստիկանները 3 անձի մոտ թմրանյութ են հայտնաբերել. նրանցից մեկն անչափահաս է

Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի Ազատան բնակավայրում և Գյուրու տարբեր փողոցներում ոստիկանները 28, 17 և 31 տարեկան անձանց մոտ խուզարկություն են իրականացրել և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Շիրակի մարզի պարեկները հունվարի 9-ին Ազատան բնակավայրում ծառայություն իրականացնելիս գյուղի կամրջի տակ հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության բաժին է տեղափոխվել Շիրակավան համայնքի 28-ամյա մի բնակիչ: Խուզարկությամբ հայտնաբերվել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված: Երիտասարդը հայտնել է` հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատրաստել էր կանեփի վայրաճ բույսերից: Կազմված նյութերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին»,– ասված է հաղորդագրությունում:
Նույն օրը Գյումրու Սավոյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի մի ավտոմեքենա, որի 17-ամյա ուղևորի մոտ թմրանյութ է եղել։ Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով ծխախոտի տուփ: Երիտասարդը նույնպես հայտնել է, որ իր մոտ եղածը պատրաստել է կանեփի վայրաճ թփերից:
ՀՀ–ում հանցագործությունների դեպքերն ավելացել են թմրանյութերի և բալային համակարգի պատճառով
Գյումրու Լալայան փողոցում էլ 31-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայում եղել է ծխախոտի տուփ` թմրանյութի հետքերով բժշկական կաթուցիչով և չորացված զանգվածով:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: