Երևանում տեղի ունեցած սպանության ու դանակահարության մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Երևանի Լեփսիուսի փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել, սպանության և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 18-ամյա մի երիտասարդ, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին, ժամը 16.40-ին, պարեկային ծառայության կարգախմբից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն, երեք անձ տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Ժամը 17.00-ին «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի. նա հայտնել էր, որ դանակահարվել է Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Հաջորդ հաղորդումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 19-ամյա, 18-ամյա և 25-ամյա երեք երիտասարդ: 25-ամյա երիտասարդի վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, և նա հիվանդանոցում մահացել էր:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկի մոտ մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոցներ տեղափոխվածներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը դեպքի մասնակիցներից մեկը հայտնաբերվել և ներկայացվել էր քննչական բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: