ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հունվարի 6-ին Երևանում կատարված դանակահարության դեպքի առնչությամբ, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներով հոսպիտալացվել, հարցաքննվել են մի շարք անձինք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ հունվարի 6-ին` ժամը 16։30-ի սահմաններում, պարեկները Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց նկատել են, որ 4 քաղաքացի ուշագնաց ընկած են։ Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկում։
««Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» ԲԿ-ներից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ։ Նրանցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ հունվարի 6-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ երիտասարդ տղաներ վիճաբանության մեջ են մտել 4 երիտասարդների հետ։ Վիճաբանության ընթացքում ինչ–որ առարկայի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել 4 տղամարդու, որոնցից մեկը մահացել է:
Առգրավվել են դեպքի վայրի և հարակից հատվածների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:
Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։