Կոտայքի մարզում հայտնաբերվել է վիրավոր քարարծիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 2-ին`ժամը 18:40-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ահազանգը փոխանցվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամ:
Դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ վիրավոր թռչունը կարմիրգրքյան քարարծիվ է, որն ըստ նախնական զննության՝ ունի թևի հավանական հրազենային վնասվածք, հյուծված և ջրազրկված է։
Քարարծիվը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։
Նշենք, որ այս թռչունը Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից ընդգրկվել է կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։