ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում եռակողմ զրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
«Մենք ձեզ հետ դեռ երեկ ենք սկսել զրույցը, և հաջողվել է երեքով խոսել։ Հարավային Կովկասում կայունություն մտցնելը և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ, մնում է գլխավոր հարցը։ Ինչպես և պայմանավորվել էինք, այս բոլոր մանրամասները կքննարկենք», - ասել Է Պուտինը Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպմանը:
ՌԴ նախագահը խոսել է նաև տնտեսական ոլորտում հայ–ռուսական համագործակցության մասին։ «Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության 73 տոկոս աճը լավ արդյունք է»,–ասել է նա։
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 26-ին, Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի, գագաթնաժողովին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ տարածքում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի է ունեցել հանդիպման մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև ներկաներին ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Գագաթնաժողովն ավարտվել է ԱՊՀ պետությունների առաջնորդների աշխատանքային ճաշով:
Հիշեցնենք` Փաշինյանը ՌԴ է մեկնել կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր հետ։