ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` ժամը 14։45–ի սահմանում Երևանի բնակիչ 34-ամյա Սոս Պ.-ն Գանձակ բնակավայրի Տիգրան Մեծի փողոցում իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Դավիթ Կ.-ին։
Դավիթ Կ.-ն վրաերթի ենթարկվելուց հետո մնացել է կայանված «Վազ 2106» մակնիշի և «Range Rover» ավտոմեքենաների արանքում։
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։