Փարիզում կրակել են քրդական մշակութային կենտրոնի վրա, կա երեք զոհ

Քրդական համայնքը համոզված է, որ Թուրքիան է կանգնած հարձակման հետևում։
Sputnik
Փարիզի 10-րդ օկրուգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք քուրդ է մահացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկը։
Փարիզի 10-րդ օկրուգում ոստիկանների կողմից շղթայած կրակոցների վայրում մի քանի տասնյակ քուրդ է հավաքվել։ Բոլորը հակաթուրքական կարգախոսներ են վանկարկում։ Նրանց կարծիքով` հարձակման հետևում կանգնած է Թուրքիան։
Քրդերի հավաքատեղի ոստիկանության ուժեղացված պարեկախումբ է ուղարկվել։
«Կրակոցների հետևանքով երեք քուրդ է մահացել։ Քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, որևէ կերպ չէր վերահսկվում, այնտեղ կարող էր մտնել ցանկացած մարդ», – գործակալության հետ զրույցում պատմել է քրդերից մեկը։
Այսօր Փարիզի 10-րդ օկրուգի փողոցներից մեկում 69-ամյա տղամարդը կրակ է բացել, նրան ձերբակալել են, դրդապատճառները հայտնի չեն։ «Ֆրանս Փրես» գործակալության տվյալներով` տղամարդը ֆրանսիացի է, ոստիկանությանը հայտնի է երկու մահափորձերով, որոնք իրականացրել է 2016 և 2021 թվականներին։ Վերջին տվյալների համաձայն` կրակոցների հետևանքով երեք մարդ մահացել է, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, ևս երկուսինը` միջին ծանրության։ Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել միտումնավոր սպանության հատկանիշներով։