ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը պետք է տեղափոխվի ուժեղ առաջնություն։ Այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին metaratings.ru կայքին տված հարցազրույցում։
«Սպերցյանը հասել է Գերմանիայի ու Ֆրանսիայի ակումբների մակարդակին: Կարծում եմ, որ նրան շտապ ուժեղ առաջնություն է պետք: Նա երիտասարդ է ու արագ կադապտացվի։ Էդուարդը կարող է իր համար հիանալի կարիերա ստեղծել»,– ասել է Ռոման Բերեզովսկին:
Նշենք, որ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վերջերս հրաժարվել էր տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա» ակումբ։
Դեռ գարնանը նրանով հետաքրքրված էր ֆրանսիական «Օլիմպիկ» ակումբը։
«Նա երախտապարտ է «Կրասնոդարին», որը զարգացրել է նրան որպես ֆուտբոլիստ և ուժ տվել: Եթե ղեկավարները հետաքրքրված են, որ իրենց սանն աճի, նրանք էլ պետք է նախաձեռնող լինեն»,- ասել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Կրասնոդար» ակումբում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններից հետո ֆուտբոլիստը 2021 թ.–ից հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։