ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին պաշտոնյան ապօրինի ճանապարհով ծխախոտ արտահանելու համար պահանջել ու ստացել է 15․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հիշյալ պաշտոնյան՝ Ա. Հ.-ն, 2016-2022 թվականների ընթացքում ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել և հեռացվել է ծառայությունից այս տարվա հոկտեմբերին։ Վերջինս օժանդակել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Գ. Դ.-ի, Ս. Դ.-ի, Գ. Դ.-ի, ինչպես նաև Ռ. Մ.-ի կողմից ՊԵԿ պաշտոնատար անձին ապօրինի անգործության համար կաշառք տալուն:
Կաշառքի դիմաց Ա. Հ.-ն օժանդակել է առանց ակցիզային դրոշմանիշի շուրջ 400 արկղ ծխախոտը, մաքսային հսկողության շրջանցմամբ, 8 տոննա երեսպատման սալիկների անվան տակ արտահանելու գործընթացին:
«Հիշյալ ծխախոտն ապօրինի ճանապարհով դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար Ա. Հ.-ն ՊԵԿ մեկ այլ պաշտոնյայի փոխանցելու նպատակով վերը նշված անձանցից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 6.100.350 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 4.134.200 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլարը ստացել է 2022թ. հուլիսին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ պայմանավորվածության՝ նշված բեռը պետք է հատեր ՀՀ մաքսային սահման 2022թ. օգոստոսի 14-ին, սակայն հանցավորների կամքից անկախ հանգամանքներով՝ նշված տրանսպորտային միջոցը չի հատել այն: Հետագայում՝ 2022թ. օգոստոսի 30-ին, Բագրատաշենի մաքսակետում հիշյալ բեռնատարը ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից ենթարկվել է զննման։ Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 199.000 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:
Գ. Դ.-ին, Ս. Դ.-ին և Գ. Դ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի (կաշառք տալը) 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի (հանցակիցների տեսակները և կաշառք տալը) 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ռ. Մ.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում, և նույնպես որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քննիչի կողմից հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին` վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար։