Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսելու կասկածանքով

Կասկածյալին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Վիեննայում Հունաստանի քաղաքացու են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Kronen Zeitung» թերթին։
Նշվում է, որ 39-ամյա կասկածյալին ձերբակալելու համար հատուկ նշանակության ջոկատն է ներգրավվել։
«Խոսքը ռուս նախկին դիվանագետի որդու մասին է»,– գրում է պարբերականը։ Նա, թերթի պնդմամբ, «պայթյունավտանգ տեղեկատվության» համար իբր միլիոններ է ստացել ռուսական իշխանություններից, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության ժամանակ։
Կասկածյալին մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։
Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել դեռևս մարտի 24-ին Ավստրիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում։ Խուզարկության ընթացքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել է ազդանշանային դետեկտոր, որը կարողանում է գտնել գաղտնալսող սարքերն ու թաքնված տեսախցիկները, ինչպես նաև հակաբեկորային հագուստ: «Բացի այդ, առգրավվել են բջջային հեռախոսներ, նոութբուքեր և պլանշետներ, ուսումնասիրվել են դրանցում եղած մոտ 10 միլիոն ֆայլերը»,– գրում է պարբերականը։
ԶԼՄ–ի տվյալով՝ կասկածյալն այժմ ազատության մեջ է, սպասում է դատավարությանը։
Թերթի տեղեկություններով՝ նա պաշտոնապես չի աշխատել և սոցիալական նպաստ է ստացել Ավստրիայում։ 2018 թվականից ի վեր 65 ուղևորություն է կատարել Եվրոպայի սահմաններում, ինչպես նաև եղել է Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքիայում և Վրաստանում: Ենթադրվում է, որ մի քանի անշարժ գույք ունի Վիեննայում, Ռուսաստանում և Հունաստանում։