Ուկրաինայի ԶՈւ–ի հրետակոծության հետևանքով Դոնեցկի հիվանդանոցի հիվանդներից մեկը մահացել է

Հարձակման հետևանքով վնասված հիվանդանոցի մասնաշենքը զննության է ենթարկվել, հրդեհների այլ օջախներ չեն հայտնաբերվել։
Sputnik
Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծությունից հետո Դոնեցկի Կալինինի անվան հիվանդանոցի մասնաշենքում հրդեհ է բռնկվել, հայտնում ԷՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինին։
Գնդակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած հիվանդներից մեկը մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կան ևս մի քանի տուժածներ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Ցավոք սրտի, գանգուղեղային և կրծքավանդակի շրջանում ծանր վնասվածքներ ստացած հիվանդը մահացել է Կալինինի անվան հիվանդանոցի թիվ 6 մասնաշենքի գնդակոծման ժամանակ»,- գրել է ԴԺՀ ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը Telegram-ի իր ալիքում։
Նա իր ցավակցությունն է հայտնել հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։
Հարձակման հետևանքով վնասված հիվանդանոցի մասնաշենքը զննության են ենթարկել, հրդեհների այլ օջախներ չեն հայտնաբերվել։
«Շենքից հիվանդների տարհանման մասին խոսք չի գնում, նրանց տեղափոխում են անվնաս մնացած հիվանդասենյակներ», - գրել է Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում:
Իր հերթին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը մանրամասնել է, որ գնդակոծության հետևանքով հիվանդանոցի երեք մասնաշենք է վնասվել։
ՌԴ ԶՈւ-ն խոցել է Խերսոնում ուկրաինական ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման կետը
Ուկրաինայի զինված ուժերը անընդհատ հարվածներ են հասցնում Դոնեցկին։ Մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները «Գրադ» հրթիռային համալիրից մի քանի անգամ հրթիռ են արձակել քաղաքի ուղղությամբ՝ վնասելով երեխաների համար նախատեսված հաստատություններ, հյուրանոցի տարածքը և «Դոնբաս Արենա» մարզադաշտը։
Ռուսաստանը փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Վլադիմիր Պուտինը դրա խնդիրն անվանել է «մարդկանց պաշտպանություն, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանության»: Նախագահի խոսքով՝ գործողության վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է և Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող պայմանների ստեղծումը։