ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ քաղաքական դրդապաճառներ ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական տվեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Զավեշտալին այն է, որ այդ մարդուն ձերբակալել են այն դեպքում, երբ 1.5 տարի համոզում էին, որ ոչ մի սխալ բան չի արվել, ամեն ինչ արվել է այնպես, ինչպես պետք է լիներ։ ՔՊ–ի անդամները, իշխանական փորձագետները մեզ 1.5 տարի համոզում էին, որ հնարավոր չէր կանխել, հնարավոր չէր ինչ–որ բան անել, անձամբ Փաշինյանն էր ասում, որ ինչ–որ մի սարի համար պատերազմ չեն անելու և այլն։ Հիմա ինչո՞ւմն է մեղադրանքը, կամ այդ դեպքում հարց է առաջանում բոլոր այդ մարդկանց վերաբերյալ, որոնք այդ ամեն ինչը նախկինում արդարացնում էին»,– ասաց Վրթանեսյանը։
Հետախուզության նախկին պետի նկատմամբ քրեական վարույթը մեր զրուցակիցը որակեց իբրև ուժային կառույցներին հնազանդեցնելու, ինչպես նաև 2021թ–ի փետրվարին գեներալների հայտարարությանը միացած բարձրաստիճան սպաներին պատժելու գործողություն։
«Բռնաճնշումներն այսօր ոչ միայն Արայիկ Հարությունյանի հանդեպ են։ Բազմաթիվ գեներալներ այսօր շինծու կամ ուռճացված գործերով քրեական հետապնդումների են ենթարկվում։ Այսինքն` հիմնականում քաղաքական խնդիր է լուծում (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,–խմբ.), պատժում է անհնազանդներին, որոնք իր անձնական իշխանությանը չեն ենթարկվել, չեն ենթարկվում։ Սա նաև դաս է մյուս զինվորականների համար, եթե հանկարծ իր դեմ խոսեն»,– ասաց Վրթանեսյանը։
Այս գործընթացները, ռազմական փորձագետի համոզմամբ, չափազաց բացասաբար են անդրադառնում բանակի հեղինակության ու արդյունավետության վրա։ Նրա գնահատմամբ` ԶՈւ–ն այս պահին կաթվածահար վիճակում է։
Վրթանեսյանը նաև հիշեցում է` ՀՀ ԶՈւ–ն արդեն մեկ տարուց ավել է` հետախուզության պետ չունի. գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունից մինչ օրս այդ կարևոր պաշտոնը թափուր է մնացել։
2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում։
Դրանից հետո Հարությունյանը նշանակվել էր հետախուզության վարչության պետ, սակայն հետո նրան ազատել էին այդ պաշտոնից։
Հավելենք, որ գործը հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Արայիկ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հիմքով: