Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Sputnik
Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով։
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի բեռնատարներ անցնում ադրբեջանցի «բնապահպանների» կողքով։
Դեկտեմբերի 14-ին և 15-ին ռուս խաղաղապահների ևս երկու շարասյուն հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներով անցել են Լաչինի միջանցքով։
Այսօր առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել էր, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը ընդհատվել էր Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված էին ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չէին կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել էր դասապրոցեսը։