ԿԱՀ–ում «Ռուսական տան» ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել. վիճակը կայուն ծանր է

Եվգենի Պրիգոժինը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը, որպեսզի նրանք Ֆրանսիային ահաբեկչության հովանավոր պետություն հայտարարելու ընթացակարգ նախաձեռնեն։
Sputnik
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) «Ռուսական տան» ղեկավար Դմիտրի Սիտիի դեմ մահափորձ է կատարվել, այժմ նրա վիճակը կայուն ծանր է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ դեսպանատան մամուլի կցորդ Վլադիսլավ Իլյինը։
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն է որակել։
Սիտին հոսպիտալացվել է այսօր առավոտյան` մահափորձից անմիջապես հետո. պայթել է նրան ուղարկված փաթեթը։ Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր ԿԱՀ–ի ոստիկանության պետ Բիենվենյու Զոկուեն, ներկայացուցչության ղեկավարը սպառնալիքներ է ստացել։
Գործարար Եվգենի Պրիգոժինը ներկայացրել է ԿԱՀ–ում «Ռուսական տան» ղեկավարին ուղարկված սպառնալիքով գրության տեքստը, որտեղ նշվել է. «Սա քեզ` բոլոր ֆրանսիացիներից, ռուսները կհեռանան Աֆրիկայից»։
«Դմիտրի Սիտին նոյեմբերի 11-ին Տոգոյից ծանրոց է ստացել Ֆրանսիայում բնակվող որդու լուսանկարով։ Այնտեղ մի գրություն է եղել, որում ասվել է, թե հաջորդ անգամ նա որդու գլուխը կստանա, եթե ռուսները չհեռանան Աֆրիկա մայրցամաքից և դռները չբացեն ֆրանսիացիների համար։ Այսօր նա նոր ծանրոց է ստացել։ Չնայած անվտանգության միջոցների պահպանման բոլոր հրահանգներին՝ Դմիտրի Սիտին, գտնվելով աֆեկտի տակ և մտածելով, որ ծանրոցում որդու գլուխն է, բացել է այն»,– հայտնել է Պրիգոժինը։
Գործարարը դիմել է ՌԴ արտգործնախարարությանը, որպեսզի նրանք Ֆրանսիային ահաբեկչության հովանավոր պետություն հայտարարելու ընթացակարգ նախաձեռնեն։ Պրիգոժինը նաև նշել է, որ անհրաժեշտ է ամբողջական և մանրակրկիտ քննություն անցկացնել Ֆրանսիայի և նրա արևմտյան գործընկերների, այդ թվում ԱՄՆ–ի ահաբեկչական մեթոդների ուղղությամբ։
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության իշխանությունները մտադիր են գտնել և խիստ պատժել ահաբեկչությունն իրականացնողներին, կազմակերպիչներին և պատվիրատուներին։ Դմիտրի Սիտիի դեմ մահափորձի վերաբերյալ քննությունը տարվելու է ՌԴ–ի հետ համատեղ։
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունը տարօրինակ ծանրոց է ստացել