ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջազգային հանրությանը կոչ է արել հնարավոր բոլոր միջոցներով միջամտել, որպեսզի բացվի Արցախի ու Հայաստանի միջև կապն ապահովող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը։
«Ադրբեջանի այս քայլը ցեղասպանության դրսևորում է, քանի որ այս պայմաններում արցախահայերը շուտով հիվանդության ու սովի համաճարակի մեջ կարող են հայտնվել: Հետևաբար միջազգային համայնքն իրավունք չունի անտարբեր և լուռ մնալու մարդասիրական ու մարդկային հիմնական օրենքների և սկզբունքների խախտմանը»,-շեշտել է նա։
Արամ Ա կաթողիկոսի կոչը փոխանցվել է միջեկեղեցական, միջկրոնական և միջազգային այլ կազմակերպությունների:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Նույնը տեղի էր ունեցել նաև դեկտեմբերի 3-ին։ ՌԴ խաղաղապահների՝ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը երկկողմանի բացվել էր։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշկական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում, որոնք ջեռուցվում են գազով, դադարեցվել է դասապրոցեսը։