ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգն այսօր այցելել է Գեղարքունիք։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ֆան Յոնգի հետ Գեղարքունիքի մարզ են այցելել նաև Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչը, ռազմական կցորդը։
«Դեսպանին ներկայացրի ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը։ Հույս հայտնեցի, որ Չինաստանը ևս կաջակցի մարզի սահմանային հատվածներում ստեղծված անվտանգային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն»,–ասում է Սարգսյանը։
Նշվում է նաև, որ դեսպան Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում մարզպետը կայցելի Հայաստանում Չինաստանի դեսպանատուն` քննարկելու առաջիկա անելիքները:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։