«Սպայկան» և նրա հետ կապված կազմակերպություններ պետական բյուջե են վերադարձրել 8.5 մլրդ դրամ

Արխիվային լուսանկար
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. «Սպայկա» ընկերության և նրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենը, նշված կազմակերպության, ինչպես նաև փաստացի իր կողմից ղեկավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի միջոցով 2015-2018թթ. ժամանակահատվածում տարբեր երկրներից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, Հունաստանից, Հայաստանի Հանրապետություն է ներմուծել տարատեսակ սննդամթերք (պանիր, տանձ, չինական կաղամբ, լոլիկ, վարունգ)՝ դրանք ձևակերպելով որպես ամոնիումի նիտրատ (սելիտրա)՝ խուսափելով առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց:
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (մինչև 01.07.2022թ.-ին գործող) 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով` հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու համար։
Նախաքննության ընթացքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:
«Սպայկա», «Գրինպրոդուկտ» և «Վիլլիջ Գրուպ» ընկերություններում իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաշվարկվել են լրացուցիչ շուրջ 5.5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով վերջնական հարկային պարտավորություններ, որի գերակշիռ մասը պետական բյուջե է վերականգնվել 2022թ.-ի նոյեմբերին, իսկ մնացած մասը ընկերությունը պարտավորվել է վճարել ըստ սահմանված ժամանակացույցի:
Քրեական վարույթի ընթացքում «Սպայկա» ընկերության և դրա հետ փոխկապակցված մյուս կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վերականգնվել շուրջ 8.5 մլրդ դրամ գումար: