Երևանում կրկին կրակոցներ են հնչել. 1 երիտասարդ մահացել է, ևս 1-ը` վիրավորվել

Ոստիկանական ավտոմեքենա
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ի մոտ կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 1 երիտասարդ է մահացել, ևս 1-ին էլ հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 9-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժինը ժամը 23։55-ի սահմաններում «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացել, որ շտապօգնության խումբը «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ և «պարանոցի շրջանի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2 քաղաքացու։ Վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Ս.-ն է, որը պարանոցի շրջանում հրազենային վիրավորում ստացածն է եղել, իսկ վիրավորը` Երևանի բնակիչ 31-ամյա Տիգրան Ա.-ն։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Բագրատունյաց փողոցում գործող «Paradise Hotel»-ից։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, գնդակ, արնանման հետքեր, 80-100 համարանիշներով «Porsche Cayenne», «BMW X6» և մի քանի մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել սպանություն, սպանության փորձի հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, նա Երևանի բնակիչ է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ նրան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու համար։
Հիշեցնենք` Երևանում կրակոցներ էին հնչել նաև երեկ առավոտյան, 45 և 47 տարեկան տղամարդիկ էին վիրավորվել։