Կառավարությունը կրկին աճուրդի է հանում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ինստիտուտը

Կառավարության հերթական նիստ. Արխիվային լուսանկար
Չկայացած նախորդ 2 աճուրդների պատճառով ինստիտուտի շենք–շինությունների գինը նվազել է շուրջ 2 մլրդ դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը դարձյալ մասնավորեցման է ներկայացրել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` առանց քննարկման ու զեկուցման։
Նշենք, որ սա ինստիտուտը մասնավորեցնելու արդեն երրորդ փորձն է։ Առաջին որոշումն ընդունվել էր 2020-ի դեկտեմբերին, սակայն մրցույթը չէր կայացել:
Ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը նախապես կազմել էր 5 023 162 620 դրամ:
Չկայացած աճուրդների արդյունքում վաճառքի նոր գին է սահմանվել գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3 265 056 000 դրամ:
Ինստիտուտի շենք-շինությունները ենթարկվել են սեյսմիկ հետազոտության՝ գլխավոր մասնաշենքի տեխնիկական վիճակն ու սեյսմիկ խոցելիությունը գնահատվել է 3-րդ աստիճան: Սեյսմակայունությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ամրացման աշխատանքներ:
Որոշման նախագծում նշվում է, որ 2020թ.-ին ինստիտուտը պետությունից ստացել է 219 902 000 դրամ, իսկ 2021թ.–ին` 407 145 000 դրամ, որից 318 210 200–ը` սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված բուժվողների, 88 934 800–ը` վիրավորում ստացած զինծառայողների բուժման համար։
Ընկերությունն ունի 171 աշխատակից:
90 տարվա պատմություն ունեցող ինստիտուտը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի Օրբելի փողոցում: Այստեղ է տեղակայված նաև Երևանի պետական բժշկական համալսարանի սպորտային բժշկության և ռեաբիլիտոլոգիայի ամբիոնը:
Ի դեպ, հետաքրքրական է, որ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի մասնավորեցման հարցը նախորդ գումարման խորհրդարանում ամենաթեժ քննարկման արժանացած հարցերից մեկն էր։ «Իմ քայլը» կառավարության առաջարկին դեմ էր քվեարկել։
Պատգամավորները պահանջում էին հստակեցնել, թե ինչ ճակատագրի է արժանանալու շենքը մասնավորեցման դեպքում և կան արդյոք պոտենցիալ գնորդներ։
Արդյունքում մասնավորեցման համար պարտադիր պայման սահմանվել ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանումը: