Ինչպե՞ս վարվել, ի՞նչ քայլեր ձեռնարկել երկրաշարժի ժամանակ տարբեր իրավիճակներում ու վայրերում։ Ներբեռնում ես «Be safe» (Եղիր ապահով) հավելվածն ու մատչելի, պատկերավոր նկարագրությամբ սովորում կյանք փրկող վարքականոնները։ Հավելվածը ստեղծել են հայաստանցի մի խումբ դպրոցականներ իրենց ուսուցիչ-մենթորի՝ Լալա Խուրշուդյանի հետ միասին, որն արդեն 23 տարի է՝ դասավանդում է Թալինի ավագ դպրոցում։
Լալա Խուրշուդյանը
© Sputnik / Aram Nersesyan
Խուրշուդյանը կարողացել է յուրահատուկ կապող օղակ դառնալ հարազատ կրթօջախի և Երևանի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 դպրոցի միջև։ Արդյունքում երևանցի ու թալինցի դպրոցականները համատեղել են ջանքերն ու գիտելիքները երկրաշարժից պաշտպանվելու բջջային հավելված ստեղծելու համար։
Լալա Խուրշուդյանն աշակերտների հետ
© Sputnik / Aram Nersesyan
Բջջային հավելվածը ստեղծելու գաղափարը ծնվեց 2021 թվականի փետրվարի 13-ին Երևան քաղաքից ոչ հեռու գրանցված երկրաշարժից հետո։ Հարցումները ցույց տվեցին, որ 88-ի ավերիչ երկրաշարժ տեսած երկրի բնակիչներն առանձնապես պատրաստված չեն ու չգիտեն` ինչպես իրենց պահեն այս բնական աղետի ժամանակ։
«Մենք ուսումնասիրեցինք դաշտը վստահ լինելու համար, որ նման հավելված չկա ու հեղինակային իրավունքների խախտում չի լինելու։ Դրանից հետո անցանք նախագծմանն ու փայլուն արդյունք ստացանք»,- հպարտությամբ ասում է Խուրշուդյանը։
Լալա Խուրշուդյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Be safe» հավելվածով նրանք 2021–ին «Տեխնովացիա աղջիկներ» մրցույթի գրան պրի մրցանակն են շահել, բայց շարունակել են աշխատել դրա կատարելագործման վրա։ Արդյունքում ավելացվել են հավելվածի բաժինները, նաև ինտերակտիվ խաղ է գումարվել, որը սովորեցնում է, թե պայուսակում առաջին անհրաժեշտության ինչ իրեր պետք է լինեն երկրաշարժի ժամանակ։
Լալա Խուրշուդյանի աշակերտները
© Sputnik / Aram Nersesyan
Առանձին բաժին է ստեղծված նաև հատուկ կարիքներով մարդկանց համար և այլն։
Հավելվածը հասանելի է Play market-ում՝ և՛ ios, և՛ android համակարգերի համար։ Քայլերը պարզ ու հասկանալի են ցանկացած տարիքի մարդու համար։
Լալա Խուրշուդյանը
© Sputnik / Aram Nersesyan
Թիմը ստեղծեց նաև փազլ, խաղ-խորանարդիկներ (кубики), սեղանի խաղ, որոնք նախատեսված են նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Բայց սա դեռ վերջը չէր. որոշվեց ստեղծել նաև վիրտուալ իրականություն։ Այդ նպատակով ձեռք բերեցին VR ակնոցներ, ստեղծեցին VR լաբորատորիա, Խուրշուդյանը դիմեց գործընկերներից մեկի օգնությանն ու միասին մշակեցին նաև երկրաշարժի ցնցումները վերարտադրող հատուկ վիբրատոր սարք։
«88-ի երկրաշարժի ժամանակ ես 4-րդ դասարանում էի։ Շատ լավ հիշում եմ, թե ինչքան սարսափելի ցնցումներ էին. բացարձակ պատրաստ չէինք, չգիտեինք` ինչ անել։ Գիտեմ, որ ուսուցիչներից շատերն աշակերտներին հրահանգել էին տեղից չշարժվել, նստած մնալ և այլն։ Ինչքան էլ խոսենք, պատմենք` դժվար է պատկերացնել ցնցումները, հասկանալ, թե ինչ կզգաս այդ ժամանակ և այլն։ Վիրտուալ իրականությունն ու այս վիբրատոր սարքն այդ հարցում օգնում են»,- պատմում է Լալա Խուրշուդյանը։
Էլեկտրական այս հատուկ սարքն այնպես է մշակված, որ 6-8 բալանոց երկրաշարժի զգացողություն է տալիս։ Խուրշուդյանն ասում է՝ ԱԻՆ-ից եկել, գնահատել են արդեն։
Աշակերտները փորձարկում են VR ակնոցը
© Sputnik / Aram Nersesyan
VR ակնոցով այդ զգացողությունն ավելանում է՝ սենյակում ամեն բան ցնցվում է, իրերը սկսում են թափվել, պահարան է շրջվում և այլն։ Վարքականոնին տեսականորեն տիրապետելու առումով սա կարևոր է իրական երկրաշարժի ժամանակ խուճապի չմատնվելու համար։
Աշակերտներից մեկը VR ակնոցով
© Sputnik / Aram Nersesyan
Լալա Խուրշուդյանը նպատակ ունի իր աշակերտների հետ առավել զարգացնել այս ծրագիրը, այն ստարտափ դարձնել, ինչպես նաև ֆինանսական նոր միջոցներ ներգրավել ավելի առաջ գնալու, նոր գաղափարներ իրականացնելու համար։