«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը

Ռոբերտ Հայրապետյան. Արխիվային լուսանկար
Ռոբերտ Հայրապետյանի խոսքով` անկախ կարգավիճակից, շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը գործող իշխանությունների դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը: Տեղեկությունը Հայրապետյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ: Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ»,–գրել է նա։
Նա հավելել է, որ հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան է մնալու սկզբունքներին և անկախ կարգավիճակից` շարունակելու է ընդդիմադիր գործունեությունն ու պայքարը` գործող իշխանությունների դեմ:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ էր հայտարարել, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու։
Օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրեց գործունեությունն ԱԺ–ում. կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: