Երևանի գլխավոր հրապարակն այսօր բազմամարդ էր` հանդիսավոր կերպով վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Հրապարակում ներկա ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները տպավորված են միջոցառումով, որով նաև ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։
««Հիասքանչ էր, ֆանտաստիկ, հեքիաթային»։ «Այսպես ոչ մի անգամ չի եղել», «Շատ գեղեցիկ է մեր քաղաքը։ Աստված տա` խաղաղություն լինի ու ավելի շատ կարողանանք առաջ գնալ», «Շատ ուրախ ենք, ամեն ինչ շատ գեղեցիկ է»»,– ասացին ՀՀ քաղաքացիները։
Նշենք, որ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելուն զուգընթաց ազդարարվեց «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի մեկնարկը։ Միջոցառմանը ներկա էին նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ։
«Սիրուն է ու հիանալի։ Բոլորն ամբողջ աշխարհից հեռուստացույցով են նայում, իսկ մենք եկել ենք հենց հրապարակից նայելու, սա հիանալի է»,– Sputnik Արմենիային ասաց զբոսաշրջիկներից մեկը։
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվեց շքեղ հրավառությամբ։
«Մանկական Եվրատեսիլ-2022-ի» շոուները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարի երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը, այդ պատճառով ընտրվել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը, իսկ խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիքն է` հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացված «Մանկական Եվրատեսիլ-2021»–ում Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Քամի–քամի» երգով։