ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված բռնության, նվաստացումների ու առանձնահատուկ դաժան վերաբերմունքի դեպքերը` պայմանավորված զինծառայողների ազգությամբ և սեռով, խիստ դատապարտելի են։ Այս մասին «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակներում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը`անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների ու նվաստացումների դեպքերին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հայ կին զինծառայողների նկատմամբ իրականացված բռնության, նվաստացումների դեպքերը պետք է արժանանան օբյեկտիվ քննության ու հանգեցնեն համարժեք պատիժների: Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունները հիմնավորում են գենդերային ատելության հիմքով բռնության ծայրահեղ վտանգավոր բնույթը՝ հատկապես միջազգային զինված հակամարտությունների ընթացքում»,– ասել է Գրիգորյանը։
Նա խոսքով` առանձնապես մտահոգիչ է այն, որ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո էլ սեռով ու էթնիկ պատկանելիությամբ պայմանավորված ատելության հանցագործությունների մասին լուրերը հավանության ու խրախուսման էին արժանանում ադրբեջանցի հազարավոր իրական օգտատերերի կողմից։
Գրիգորյանը նաև նշել է, որ մեղավորներին չպատժելու և հանրային նման վերաբերմունքի դեմ պետությունների կողմից անկեղծ ջանքեր չձեռնարկելու գործելակերպն ամրապնդելու է գենդերային ու էթնիկ ատելության հիմքով կատարված ցանկացած հանցավոր անձի անպատժելիության զգացողությունը՝ անկախ նրանից, թե ինչ ազգություն ունեն զոհերը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։