Բարոյական կլինի, որ ինձ տեղեկացնեն. Օհանյանը` անձեռնմխելիությունից զրկելու մասին

Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանը նշում է, որ եթե կա իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց, կարող են իրականացնել դա` ինքը մանդատի հետևում չի թաքնվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղեկություններ չունի` արդյոք վաղը դատախազությունն ԱԺ կներկայանա իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Օհանյանն ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով այդ մասին շրջանառվող լուրերին։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ առաջիկա նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անձամբ կներկայանա և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացնի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասով։
«Ես պատգամավորական մանդատի հետևում չեմ թաքնվում, եթե կա նման գործընթաց, ապա թող գան և իրականացնեն։ Բոլոր քրեադատավարական գործընթացներին, որոնց ինձ հրավիրել են, մասնակցել եմ` շատ քիչ դեպքերում չեմ մասնակցել, երբ անհնար է եղել պարզապես։ Ուստի, բարոյական կլինի, որ քննչական մարմիններն ինձ տեղեկացնեն այդ մասին, սակայն ես այդպիսի տեղեկություն չունեմ»,–ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:
Ի դեպ, Վահե Հակոբյանը դեռ նոյեմբերի 29-ին էր հայտնել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։