Հայաստանում 1 օրում 3 վրաերթ է գրանցվել, բոլորը` մահվան ելքով

Վրաերթ. արխիվային լուսանկար
Վրաերթի զոհ դարձածներից մեկը տղամարդ է, երկուսը` կանայք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանի մարզերում վրաերթի 3 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Առաջին վրաերթը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում դեկտեմբերի 3-ին` մոտավորապես 19։00-ին։ Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Մովսես Խ.-ն իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով Քուչակ գյուղի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ 81-ամյա Օլգա Ա.-ին։ Նա տեղում մահացել է։
Վրաերթից հետո մեքենան բախվել է բետոնե պատին։ Վարորդը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Մոտավորապես նույն ժամանակահատվածում վրաերթի ևս մեկ դեպք է գրանցվել Արարատի մարզում։
Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Ժիրայր Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 65-70 տարեկան տղամարդու։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Մյուս դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզում։ Դեկտեմբերի 3-ին` ժամը 20։40-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին։ Նա նույնպես մահացել է։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել։