Նորագույն B-21 Raider ռմբակոծիչը. շնորհանդեսին ներկա է եղել նաև Պենտագոնի ղեկավարը

B-21–ի ծրագրի համար պաշտպանության նախարարությանը 2023-2027 թվականներին ավելի քան 19 մլրդ դոլար է անհրաժեշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Northrop Grumman ընկերությունը (ԱՄՆ–ի խոշորագույն պաշտպանական կապալառուներից մեկը) ներկայացրել է B-21 Raider նորագույն, ռազմավարական ռմբակոծիչը` ստեղծված «սթելս» տեխնոլոգիայով։ Միջոցառումը հեռարձակվում էր արտադրողի կայքէջում։
Շնորհանդեսը կայացել է Փալմթեյլ գործարանում (Կալիֆոռնիայի նահանգ) ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի ներկայությամբ։
Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ այս իրադարձությունը պատմական էր բնութագրել։ Ինքը` արտադրողը, իր ռմբակոծիչը ներկայացնում է որպես աշխարհում վեցերորդ սերնդի միակ ինքնաթիռը։
B-21 Raider–ը, Northrop Grumman–ի տեղեկություններով, կկարողանա հասնել աշխարհի ցանկացած անկյուն, կրել միջուկային և ոչ միջուկային սպառազինություն և հաղթահարել ՀՕՊ ամենաառաջադեմ համակարգերը` շնորհիվ «սթելս» կատարելագործված տեխնոլոգիայի։ Միևնույն ժամանակ առաջարկվում է, որ հեռանկարում աշխարհին ներկայացվեն նաև տվյալ մոդելի անօդաչու տարբերակները։
Էրդողանը հայտնել է թուրքական անօդաչու կործանիչի արտադրության մեկնարկի ժամկետները
Նախատեսվում է ռմբակոծիչը շահագործման հանձնել 2023 թվականին։
Զինվորականները մտադիր են առնվազն 100 նման ինքնաթիռ ձեռք բերել։
B-21–ի ծրագրի համար պաշտպանության նախարարությանը 2023-2027 թվականներին ավելի քան 19 մլրդ դոլար է անհրաժեշտ։