Փաշինյանի ընտանիքի հանդեպ բռնության կոչ հնչեցնելու մեջ մեղադրվող ուսուցիչը տուգանվել է

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր վստահորդի հետ պատրաստվում է քննարկել դատական ակտի բողոքարկման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշել է Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին տուգանել 150 հազար դրամով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք,բնականաբար, համաձայն չենք դատավճռին և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո»,– նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք (դասաժամին աշակերտների ներկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու համար) առաջադրվել է դեռ 2021 թվականին։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։