10 ամսում Հայաստանում 430 նոր դեպք է հայտնաբերվել. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրությունը

ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը (70%) տարբեր տարիքային խմբի տղամարդիկ են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում ամեն տարի դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2022-ի առաջին տասը ամսում երկրում հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի վարակի 430 նոր դեպք, ընդ որում՝ մեծամասնությունը 25-39 տարեկան տարիքային խմբում։
Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է մոտ 5 հազար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակման դեպք։ Վարակվածների մեծ մասը՝ 70%-ը, տարբեր տարիքային խմբերի տղամարդիկ են: 2021 թվականին մահացել է ՁԻԱՀ-ով վարակված 102 մարդ։
Նշենք, որ ՄԻԱՎ-ը վարակիչ քրոնիկ հիվանդություն է։ Այն բնութագրվում է իմունային համակարգի հատուկ վնասվածքով, ինչը հանգեցնում է դրա դանդաղ ոչնչացմանը, ուղեկցվում է վարակների և երկրորդային չարորակ նորագոյացությունների զարգացմամբ: Դեռ չկա դեղամիջոց, որը կարող է օրգանիզմից հեռացնել ՄԻԱՎ-ը, այդ պատճառով վարակը դեռ անբուժելի է, սակայն այն ճնշվում է դեղամիջոցներով: ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի զարգացման վերջին փուլն է: ՁԻԱՀ-ի փուլում իմունային համակարգը այնքան թուլացած է, որ ՄԻԱՎ վարակի ֆոնին զարգացող այլ հիվանդություններ անդառնալի ընթացք են ունենում և հանգեցնում են մահվան: