ԱՄՆ-ն այնքան էլ գոհ չէ Ղազախստանի ընտրություններից, բայց կաշխատի Տոկաևի հետ. Պետդեպ

ԱՄՆ-ն Ղազախստանի կառավարությանը կոչ է արել ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաջարկություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Ղազախստանի նախագահի ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, թեև կարծում է, որ ընտրական գործընթացն անցել է առանց բավարար մրցակցության: Տեղեկությունը հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ համապատասխան հայտարարության միջոցով։
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 20-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ 81,31%-ով հաղթել է պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 69,44%:
«Մենք սպասում ենք նախագահ Տոկաևի ու նրա կառավարության հետ աշխատելու հնարավորությանը՝ մեր ընդհանուր նպատակներն իրականացնելու համար», - նշված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ն համամիտ է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի նախնական գնահատականների հետ, որ թեև ընտրությունների օրն անցել է հանգիստ մթնոլորտում, գործընթացը «զգալի քաղաքական մրցակցության» պակաս էր զգում, բացի այդ, այն ուղեկցվել է «հավաքների և կարծիքների արտահայտման ազատության սահմանափակմամբ»։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է Ղազախստանի նախագահի ընտրություններում
«ԱՄՆ-ն Ղազախստանի կառավարությանը կոչ է անում ապագա ընտրություններում հետևել ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի առաջարկություններին, այդ թվում՝ 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում», - նշված է հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտը նշում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Տոկաևի առաջարկած բարեփոխումներին և կառավարությանը կոչ է անում ամբողջությամբ իրականացնել դրանք։
Նուր-Սուլթանն էլի Աստանա կդառնա, նախագահը կպաշտոնավարի 7 տարի. Տոկաևի փոփոխությունները