Տխուր․ մեկ բառով այսպես կարելի է բնորոշել Հայաստանի ամենահայտնի ու ամենաեկամտաբեր զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Ջերմուկն այսօր։ Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո թեպետ բնակչության մեծ մասը վերադարձել է, սակայն զբոսաշրջային ակտիվությունը չի վերադառնում։
Ջերմուկն այսօր
© Sputnik / Aram Nersesyan
Մեր առաջին կանգառը «Ջերմուկ աշխարհում» էր․ սա միակ առողջարանն է, որի շինությունը վնասվել է հրետակոծության հետևանքով։ Հարևանությամբ գտնվող գազատարի պայթյունի ալիքը վնասել է պատը, կոտրվել են պատուհանների ապակիները։ Դեպքերից շաբաթներ անց նաև պարզել են, որ նետված արկերից մեկն էլ տանիքի վրա է ընկել։ Բարեբախտաբար, շենքի այդ հատվածի վերին հարկերում կենվորներ չեն եղել։
«Առողջարաններում ընդունված է, որ հյուրերը հիմնականում ժամանում են երկուշաբթի օրերին, միայն սեպտեմբերի 12-ին (երկուշաբթի) 40 նոր հյուր էինք ընդունել, ընդհանուր առմամբ շենքում 70 հյուր կար, այսինքն՝ 90 տոկոսը զբաղված էր»,- պատմում է առողջարանի ադմինիստրատոր Հռիփսիմե Պապոյանը։
«Ջերմուկ աշխարհ» առողջարանը
© Sputnik / Aram Nersesyan
Թեպետ արդեն մոտ մեկ ամիս է՝ առողջարանը վերսկսել է աշխատանքը, բայց հատուկենտ հյուրեր են ունենում․ բոլորը մտահոգված են անվտանգության հարցով։ Ծախսերը շատ են, եկամուտներ չկան․ առողջարանը ստիպված է եղել ժամանակավորապես անձնակազմի կրճատման գնալ։ Սա տարվա այն շրջանն է, երբ արդեն ամանորյա ամրագրումներն էին արվում։ Հռիփսիմե Պապոյանը նշում է՝ անցյալ տարվա այս ժամանակահատվածում արդեն ազատ սենյակներ չկային, մինչդեռ այս պահի դրությամբ ամանորյա ամրագրումները մոտ 40 տոկոս են, այն էլ՝ նախնական։
«Ջերմուկ աշխարհ» առողջարանի ադմինիստրատոր Հռիփսիմե Պապոյանը
© Sputnik / Aram Nersesyan
Հռիփսիմեի խոսքով՝ դժվարին պայմաններում ոտքի կանգնել փորձող հյուրանոցային, առողջարանային համակարգի համար վերապահումներ չեն արվել։ Կոմունալ վճարումների, հարկային պարտավորությունների համար գոնե ժամկետների երկարաձգում չի եղել, թեպետ հույս ունեն` հատուկ ձևաթղթեր են լրացրել՝ ներկայացնելով ֆինանսական ծախսերը, սպասում են գործադիրի արձագանքին։
Ջերմուկում շինարարական աշխատանքներ են
© Sputnik / Aram Nersesyan
«Սա համապետական նշանակության առողջարանային քաղաք էր, որն արդեն քայլեր էր անում միջազգային նշանակության վերածվելու։ Եթե քաղաքի առողջարանային համակարգը չակտիվացավ, դժվարություններ կլինեն։ Բնակչության մոտ 80-90 տոկոսը վերադարձել է, սակայն աշխատատեղերի հետ կապված խնդիրներ կան»,- նշում է փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը։
Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով՝ կառավարության առաջարկով փոխվարչապետին է ուղարկվել նաև աջակցության ծրագրի նախագիծ։ Ակնկալում են, որ առողջարանային համակարգն աջակցություն կստանա, որովհետև այս համակարգի արագ վերականգնումից և ակտիվացումից է կախված ամբողջ քաղաքի տնտեսության վերականգնումը։
«Քովիդ, պատերազմ․ այս ամենից հետո Ջերմուկին հաջողվել էր վերականգնել զբոսաշրջային ոլորտի բնականոն աշխատանքը։ Այս տարվա հետ կապված ծրագրերը շատ-շատ էին։ Ամռանն այնքան շատ զբոսաշրջիկներ էինք ունեցել, որ գերազանցել էր նախորդ տարիների ցուցանիշները»,- նշում է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը։
Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանը
© Sputnik / Aram Nersesyan
Սեպտեմբեր-հոկտեմբերը Ջերմուկի համար տարվա լավագույն շրջաններից մեկն է՝ «թավշյա սեզոնը», երբ ազատ սենյակ գտնելը շատ դժվար է։ Սա տարվա այն ժամանակաշրջանն է, երբ ակնկալվում է, որ հյուրանոցային տնտեսությունները կաշխատեն իրենց տարվա եկամուտի զգալի մասը, ինչը չեղավ։ Նշում է՝ բավականին գնանկում կա, աշնանային զեղչեր են հայտարարված, որոնք, հավանաբար, կշարունակվեն նաև որպես ձմեռային զեղչեր։ Ընդհանուր առմամբ, առողջարանային, հյուրանոցային համակարգը հիմա Ջերմուկում աշխատում է առանց եկամուտի՝ լավագույն դեպքում կարողանալով աշխատավարձերը ծածկել։
Ջերմուկի երեխաները
© Sputnik / Aram Nersesyan
«Անցած տարի այս ժամանակահատվածում 60-70 հյուր ունեինք, այս տարվա տեմպերը հաշվի առնելով՝ 100-ից ավելի էին լինելու, բայց հիմա 7 հոգի կենվոր կա՝ ղազախ, ռուս և հայ։ Սեպտեմբերի 12-ին, որ սկսվեցին գործողությունները, ոչ մի ազատ սենյակ չունեինք։ Դա առաջին տարին էր, որ նման զբաղվածություն կար։ Մի 80-90 հոգի հայ էին, մի 40 հոգի՝ ռուս, մի 10-ը՝ այլազգի»,- նշում է «Մոսկվա» առողջարանային համալիրի տնօրեն Արարատ Առաքելյանը։
«Մոսկվա» առողջարանային համալիրի տնօրեն Արարատ Առաքելյանը
© Sputnik / Aram Nersesyan
Ինչ վերաբերում է ամանորյա ամրագրումներին, Առաքելյանի խոսքով, հոկտեմբերից «ցուցակները փակվում էին», արդեն տեղ չկար, այս տարի դեռ ոչ մի ամրագրում չունեն, միայն հարցումներ են։
Տիկին Ֆլորան
© Sputnik / Aram Nersesyan
Այս պասիվ իրավիճակը լուրջ հարված է հասցրել նաև փողոցային առևտրով զբաղվողներին, որոնց թիրախային գնորդը զբոսաշրջիկն էր։ 65-ամյա տիկին Ֆլորան արդեն երկար տարիներ է՝ հայտնի «Գալերեայից» ոչ հեռու՝ գետի ափին բացօթյա տաղավար է աշխատեցնում, վաճառում է իր ձեռքերով հավաքած ու խնամքով չորացրած դեղաբույսեր, տարատեսակ պահածոներ և այլն։
Տիկին Ֆլորան և իր պահածոները
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է՝ նախկինում իր վաստակածով էին ապրում, հիմա օրեր շարունակ անգամ 1 վաճառք չի լինում։ Մեր այցելության ժամանակ ես ու լուսանկարիչը վերջին 3 օրերի առաջին գնորդներն էինք մեր համեստ գնումներով՝ կոնի, մասուրի, ազնվամորու մուրաբաներ։
«Հարսս էլ հյուրանոցներից մեկում էր աշխատում, կրճատել են»,- ասում է տիկին Ֆլորան ու նշում՝ հիմա ապրում են իր 35000 դրամ թոշակով ու «լավի» սպասումով։
«Մոսկվա» առողջարանային համալիրի
© Sputnik / Aram Nersesyan
Հրետակոծության ժամանակ թշնամու թիրախներից մեկը ճոպանուղին էր։ Միայն այս տարածքից արդեն 30-ից ավելի արկեր են հայտնաբերվել, պարբերաբար նորերն են գտնվում։
Տնօրեն Արմեն Թադևոսյանը ցույց է տալիս հարակից անտառից մի քանի օր առաջ գտնված արկը, որը վնասազերծման իր հերթին է սպասում։ Ի տարբերություն հյուրանոցային համակարգի, որը դռները բացել ու սպասում է հյուրերին, ճոպանուղին մարտական գործողություններից հետո չի էլ վերականգնել աշխատանքը` փակ է։ Հիմա զբաղված են վնասների ուսումնասիրությամբ ու դրանց վերացմամբ։
Ջերմուկի ճոպանուղին
© Sputnik / Aram Nersesyan
«Սեպտեմբերի 12-ին մենք ունեցել ենք 270 հաճախորդ, որից 250-ը այլազգի էին։ Այս տարի չափազանց շատ էին զբոսաշրջիկները։ Տարեկան մենք 30-40 հազար հաճախորդ ենք ունենում, այս տարի սեպտեմբերի 1-ի դրությամբ տարեկան պլանը կատարվել էր, այսինքն՝ գերակատարում էինք սպասում»,- նշում է տնօրենը։
Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Գալերեա» մեր այցելության ժամանակ հանդիպեցինք ռուս զբոսաշրջիկ Օքսանային․ ասում է՝ ընկերներն ու ընտանիքն իրեն «հետախուզության» էին ուղարկել՝ պարզելու, թե ինչ վիճակ է քաղաքում։ 3 օր անց վերադառնում է, Ջերմուկը որպես անվտանգ հանգստավայր գովազդելու և ասելու՝ անպայման եկեք։
Ջորմուկի ճոպանուղու կրած վնասները
© Sputnik / Aram Nersesyan
Փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը շեշտում է՝ ջերմուկցիները տրամադրված են մնալու և ապրեցնելու քաղաքը, քանի որ լավ հասկանում են՝ հակառակորդի գերնպատակներից մեկն իրենց հեռանալ ստիպելն էր։ Բայց և սպասում են կառավարությունից հստակ քայլերի ու երաշխիքների` իրենց անվտանգության հետ կապված։
Ռուս զբոսաշրջիկ Օքսանան
© Sputnik / Aram Nersesyan
Ջերմուկցիները դիմում են հանգստանալ պատրաստվող հայրենակիցներին և կոչ անում՝ այս դժվար պահին կանգնել Ջերմուկի կողքին, գալ հանգիստն այստեղ անցկացնելու, օգնել քաղաքին ոտքի կանգնել, որովհետև դա նաև երկրի ու բոլորիս շահերից է բխում։