32–ամյա տղամարդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գիշերով երկու խանութից գողություն է կատարել։ Ոստիկանները բացահայտել են հանցագործությունն ու ձերբակալել նրան, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես`նոյեմբերի 11–ին , ժամը 9.45–ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել է ահազանգ, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի խանութից գողություն է կատարվել։ Ոստիկաններին հաղորդում է տվել տարածքը վարձակալած անձը։
«Գիշերը շենքի առաջին հարկում գտնվող միրգ–բանջարեղենի խանութի դուռը բացել էին և գողացել փող ու այլ իրեր»,–ասվում է ոստիկանության տարածած տեսանյութում։
Նույն օրը`ժամը 15.55–ին, ստացվում է նմանատիպ այլ ահազանգ։ Միկրոշրջան թաղամասում գործող գեղեցկության սրահի տերը ոստիկաններին հաղորդում է, որ գիշերը վնասել են մուտքի դռան փականը, գողացել մազ կտրելու սարքեր, սանրեր, մկրատներ, վարսահարդարիչ և հեռուստացույց։
Վնասի չափը կազմել է մոտ 300.000 դրամ։
Նախաձեռնել է քրեական վարույթ։ Ոստիկանները պարզել են, որ գողությունները կատարել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասի բնակիչ, 32–ամյա մի տղամարդ։
Նա հայտնաբերվել է, ձերբակալվել ու ներկայացվել քննչական մարմնին։
Գողոնը հայտնաբերվել է , նախաքննությամբ դեպքի մանրամասները պարզվում են։