ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայաստանյան և ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ գործարարները մասնակցել են «Ռուս-հայկական գործարար համագործակցությունը․ գործարարությունը արդի իրողություններում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը մասնակցել են նաև ռուսաստանյան տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի, Մոսկվայի գործարարության և նորարարական զարգացման վարչության ու համառուսաստանյան «Գործարար Ռուսաստան» հկ-ի ներկայացուցիչները։
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ
© Photo : official site of the Embassy of RA in RF
Հանդիպման ժամանակ Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում ընդգծել է առևտրատնտեսական գործակցության առանցքային դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում։ Նա դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի աճի դինամիկան ու հրավիրել է ներկաների ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ընձեռվող հնարավորություններին և հանրապետությունում մշտապես բարելավվող ներդրումների միջավայրին։
Հարությունյանն ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական գործունեության հիմնական ուղղություններն ու ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ
© Photo : official site of the Embassy of RA in RF
Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը՝ ընդգծելով, որ ակումբը շարունակում է ծառայել որպես հաղորդակցության հարթակ երկու երկների գործարար շրջանակների և պետական կառույցների միջև։ Նա շնորհակալություն է հայտնել նաև դեսպանությանը նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու համար։
Միջոցառման ժամանակ ելութ են ունեցել նաև գործարարներ Լեոնիդ Դովլաթբեկյանը, Արթուր Սողոմոնյանը և Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» հկ-ի փոխնախագահ Նոննա Ղահրամանյանը։
Հանդիպման ներկաները շփումները շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս դեսպանության հովանու ներքո անցկացնել համանման հանդիպումներ։