ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելով վարչական դատարանի որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Վարչական դատարանը մերժել էր ընդունել ընկերության հայցադիմումը՝ նշելով, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության։
Նշենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերի 7-ին դիմել էր վարչական դատարան` վիճարկելով «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին կառավարության որոշումը։
«Հայցվորի բարձրացրած խնդիրը, վերջինիս և կառավարության միջև առաջացած քաղաքացիական հարաբերությունների տիրույթում է: Եթե հայցվորը գտնում է, որ կառավարությունը չի կատարում պայմանագրային իր պարտականությունները, նա կարող է արդարադատություն փնտրել պայմանագրից բխող իր իրավունքների պաշտպանության շրջանակում: Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ վիճարկվող որոշումը ներքին իրավական ակտ է, որը չի կարգավորում ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում՝ հայցվորի) հետ առաջացող արտաքին հարաբերություններ, ուստի չի կարող բողոքարկվել դատական կարգով», - ասվում է վարչական դատարանի որոշման մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հուլիսի 14-ի կառավարության նիստում ընդունվեց Հայաստանում «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության դարաշրջանն ավարտվում է:
Արագաչափերով ու տեսախցիկներով արձանագրվող ՃԵԿ խախտումների վերահսկողությունը հոկտեմբերի 20-ից ամբողջությամբ իրականացնում է այդ ՊՈԱԿ–ը։