Պետբյուջե չեն վճարվել խոշոր չափերով հարկեր. ԱԱԾ–ն և ՊԵԿ–ը նոր դեպք են բացահայտել

Առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ, 220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՏՏ և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊԸ–ների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերություններում աշխատողների մի մասին չեն գրանցել և վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը ցածր են հայտարարագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարված հարկային պարտավորությունների հաշվարկը ցույց է տվել, որ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։
Ազգային անվտանգության ծառայության և պետական եկամուտների կոմիտեի համատեղ աշխատանքների արդյունքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատակիցներ, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ, 220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր։
Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։