Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. մեղադրանքի ապացույցի թարգմանությունը պատշաճ չէր

Դատարանը թույլ տվեց Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը մեկնել Բրյուսել, Ստրասբուրգ և Փարիզ` ԵԽԽՎ–ի շրջանակում մի շարք հանդիպումներ ունենալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, քանի որ թարգմանչի ներկայություն դատարանում հնարավոր չէր ապահովել։
Այսօր դատարանում պետք է հետազոտվեին մեղադրանքի ապացույցները։ Փաստաթղթերից մեկը, սակայն, որը թարգմանվել էր անգլերենից, ուներ թերություններ։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջում էր, որ թարգմանիչը ներկայանա դատարանի դահլիճ և բացատրի, թե ինչ է գրված։
«Սա մեխանիկական թարգմանություն է, պահանջում ենք պատշաճ թարգմանություն»,– ասաց նա։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին` ժամը 13։00–ին
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը թույլատրի Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը մեկնել Բրյուսել, Ստրասբուրգ և Փարիզ` ԵԽԽՎ–ի շրջանակներում մի շարք հանդիպումներ ունենալու համար։
Դատարանը բավարարեց միջնորդությունը։
Այդ փաստաթուղթը չի կարող հանդիսանալ ապացույց․ Քոչարյանի պաշտպանը՝ դատարանին
Նշենք, որ ավելի վաղ դատական նիստն ընդմիջվել էր, որովհետև պաշտպան Լուսինե Սահակյանը բողոքել էր դահլիճում ջեռուցման բացակայությունից և պահանջել այլ դահլիճ տրամադրել։ Նիստը շարունակվել էր նոր դահլիճում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նախորդ նիստը հետաձգվել էր` Գևորգյանի փաստաբանի վատառողջ լինելու պատճառով։
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ են անցնում մեկ քրեական գործի շրջանակներում։ Քոչարյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, իսկ Գևորգյանին՝ փողերի լվացման մեջ։
«Կողմնակալ է». Քոչարյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց